Շենոնի պատմությունը
«Չեմ կարծում, որ ես հաշտվել եմ այս հիվանդության հետ: Սա դառը հաբ է, որը կարելի է տարբեր կերպ հասկանալ և մեկնաբանել»:
«Երբեմն հարցնում եմ ինքս ինձ՝ ինչո՞ւ ես: Հետո անմիջապես պատասխանում եմ՝ դե, իսկ ինչու ո՞չ: Ո՞վ է, որ արժանի է սրան, բացի ինձանից: Մեզանից ոչ մեկն արժանի չէ նման ճակատագրի»:
Դերասանուհին արդեն հիվանդ էր «Beverly Hills 90210»-ի նկարահանումների ժամանակ, բայց չնայած դրան, նա որոշեց միանալ սերիալի աշխատանքներին:
«Ես կարծում էի, որ մարդիկ կարող են դիտել և մտածել՝ Աստված իմ, դա հնարավոր է: Եթե նա կարող է աշխատել, ուրեմն մյուս մարդիկ ևս կարող են քաղցկեղի չորրորդ փուլում աշխատել: Մեր կյանքը չի ավարտվում այն պահին, երբ մենք իմանում ենք այս ախտորոշման մասին», - ավելացրեց աստղը:
2019-ի օգոստոսին Դոերտին ասաց, որ անհնար է առնչվել այս հիվանդությանը և չդառնալ բոլորովին այլ անձ: Դերասանուհու խոսքով ՝ սարսափելի ախտորոշումը զգալիորեն ազդել է կյանքի նկատմամբ իր վերաբերմունքի և սեփական մարմնի ընկալման վրա:
«Չեմ մտածում այն մասին, որ ինձ մոտ հիվանդության ժամանակավոր հետընթաց կա: Ես մտածում եմ, որ բախտս բերել է, որ ես ամեն րոպե, օրվա յուրաքանչյուր վայրկյան կենդանի եմ», - ասաց նա:
Ըստ Դոերտիի, քաղցկեղն ամրացրել է իր հարաբերություններն ամուսնու՝ պրոդյուսեր Կուրտ Իսվարենկոյի հետ:
«Քուրթը և ես հիմա իրար ավելի շատ ենք գնահատում», - ասաց նա: Մենք մեզ թույլ չենք տալիս զայրանալ միմյանց վրա: Բարձր տոնայնությամբ մեր վերջին լուրջ քննարկումը 2015 թվականին էր՝ ախտորոշումից առաջ»:
Նա նաև շնորհակալություն է հայտնել ամուսնուն՝ քիմիաթերապիայի կուրսն անցնելուց հետո սեփական մարմինը նորովի ընկալելու հարցում իրեն օգնելու համար:
«Ինձ պետք չէ լինել սեքսուալ փոքրիկ աղվես: Քուրթի վերաբերմունքն իսկապես օգնում է ինձ ավելի լավը դառնալ: Նա միշտ ասում էր. «Ես երբեք չէի տեսել, որ ինչ-որ մեկը նման բարդ հիվանդությունն այդքան նրբագեղորեն հաղթահարի: Դու շատ ուժեղ ես, և, ինչպես հասկանում եմ, սա ներքին մեծ ուժ ունենալու հետևանք է: Դա շատ ավելի սեքսուալ և գրավիչ է, քան նախկինում որևիցե այլ բան», - մեջբերում է Դոերտին:
Չնայած
լիովին վերականգնվելու հավատին՝ դերասանուհին խոստովանել է, որ հիվանդությունն ընդմիշտ փոխել է իրեն: Նա ընդգծել է, որ հոգեպես տրամադրվել է դրական ելքի, լավ է հոգացել
իր մասին և վերջին քիմիաթերապիայից հետո հեշտությամբ վերականգնվել է: